Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թուրքական խորամանկ դիվանագիտությունն իր առջև հերթական անգամ նպատակ է դրել «գնել Կրեմլին»

Թուրքական խորամանկ դիվանագիտությունն իր առջև հերթական անգամ նպատակ է դրել «գնել Կրեմլին»
17.02.2009 | 00:00

«ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ, ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ակնհայտ է, որ առաջիկայում համաշխարհային քաղաքականության մեջ տեղի են ունենալու գեոտնտեսական և գեոռազմավարական հարցերի շատ լայն շրջանակ ընդգրկող դինամիկ փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել անվտանգության նոր մոդելի ձևավորման։ Այդ գործընթացներից շատերն ուղղակիորեն առնչվում են մեր տարածաշրջանին և, մասնավորապես, Հայաստանին։ Վերջին բոլոր քաղաքական իրադարձությունները գալիս են հուշելու, որ մեզ համար կրկին սուր անհրաժեշտության է վերածվել հին և ցավալի ճակատագրից խուսափելը, որպեսզի Հայաստանը կրկին չդառնա գլոբալ խաղերում խաղարկության մանրադրամ։ Իսկ դա պահանջում է իրականացնել բացառապես սթափ և առավելագույնս էգոիստական արտաքին քաղաքականություն` առանց ուշադրություն դարձնելու «հին բարեկամների» վրա։
Ռուս-թուրքական վերջին բարձր մակարդակի հանդիպումը նախագահների միջև նախապատրաստվում էր վաղուց և մանրամասն։ Ինչպես և սպասվում էր, պետք է քննարկվեր քաղաքական, տնտեսական և ռազմավարական հարցերի բավական լայն շրջանակ։ Փետրվարի 13-ին տեղի ունեցած բանակցությունները և դրանց արդյունքում Դմիտրի Մեդվեդևի ու Աբդուլլահ Գյուլի կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը եկան ապացուցելու կանխատեսումները։ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են խորացնել բարեկամությունն ու բազմապլան գործընկերությունը, պակաս կարևոր չէ նաև, որ սա վերջին չորս տարվա ընթացքում երկրորդ այդպիսի հռչակագիրն է (առաջինը ստորագրվել է 2004-ի դեկտեմբերի 6-ին)։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ. «Մոսկվան և Անկարան միասնական են այն հարցում, որ այսօր կան բարենպաստ պայմաններ ռուս-թուրքական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։ Երկու երկրների աշխարհագրորեն մոտ լինելը, նրանց բացառիկ դիրքը միաժամանակ Եվրոպայում և Ասիայում գտնվելու առումով, պատմական ճակատագրերի փոխկապակցվածությունն օբյեկտիվորեն հանգեցնում են սերտ հարաբերությունների անհրաժեշտության բոլոր ոլորտներում»։
Ստորագրված հռչակագիրն իսկապես բավական լայնածավալ փաստաթուղթ է, և ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, միջազգային ու տարածաշրջանային բազմաթիվ հարցերում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները համընկնում են։ Թուրքական քաղաքագետները հատկապես առանձնացնում են Դմիտրի Մեդվեդևի այն ձևակերպումը, թե «ռուս-թուրքական ներկա հարաբերությունները ֆունդամենտալ նշանակություն ունեն»։ Ռուսաստանը, փաստորեն, ողջունում է Անկարայի մի շարք նախաձեռնությունները և հատկապես կովկասյան անվտանգության պլատֆորմ ստեղծելու գաղափարը, որը շրջանառության մեջ դրվեց ռուս-վրացական պատերազմից հետո։ Համատեղ հռչակագրում այդ մասին նշված է հետևյալ կերպ. «Գիտակցելով, որ կայունությունն ու անվտանգությունը եվրասիական տարածաշրջանում պայմանավորված են ուղղակիորեն Հարավային Կովկասի կայունությամբ, կողմերը համաձայն են ձեռնարկելու արդյունավետ միջոցառումներ սառեցված հակամարտությունները կարգավորելու համար, որոնք ապակայունացման պոտենցիալ գործոն են ամբողջ տարածաշրջանի համար»։
Պարզվում է, Անկարայի և Մոսկվայի համագործակցությունը տարածվելու է անվտանգության և, մասնավորապես, ռազմածովային ոլորտի վրա։ Երկու երկրների ռազմածովային ուժերը Սև ծովում իրականացնելու են «Սևծովյան ներդաշնակություն» գործողություն և մի անգամ ևս վերահաստատում են իրենց հավատարմությունը 1936 թ. հուլիսի 20-ի Մոնտրեի համաձայնագրին, որը բացառում է Սև ծովում, բացի առափնյա պետություններից, այլ երկրների ռազմածովային ուժերի երկարաժամկետ ներկայությունը։
Սակայն համատեղ հռչակագրի ամենածավալուն մասն էներգետիկ համագործակցությունն է, որը, կողմերի բնորոշմամբ, «ունի կարևոր ռազմավարական նշանակություն և հետագա զարգացման մեծ պոտենցիալ»։ Պարզվում է, որ այս ձևակերպման տակ շատ բան է թաքնված։ Ռուսական ընկերությունները մասնակցելու են Թուրքիայում ստորերկրյա գազապահեստարանների և առհասարակ, գազային ոլորտին առնչվող տարաբնույթ օբյեկտների կառուցմանը։ Բանակցություններում շոշափվել է նաև Թուրքիայի գազաբաշխիչ համակարգի կառավարմանը ռուսական կողմի մասնակցության հարցը, ինչի շնորհիվ «Գազպրոմը» հնարավորություն կստանա, փաստորեն, վերահսկելու թուրքական ցանցով դեպի Եվրոպա գազի արտահանումը։ Անկարան շահագրգռված է նաև միջուկային էներգիայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Այս տարի Թուրքիայի կառավարությունը մրցույթ է հայտարարել երկրում առաջին ատոմակայանի կառուցման վերաբերյալ, և ռուսական կողմում հուսով են, որ դա նոր շուկաներ կբացի «Ռոսատոմի» գործունեության համար։ Բայց ռուս-թուրքական հռչակագրի ամենազավեշտական կետը, այնուամենայնիվ, այն է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել ռազմական փառքի հուշարձանները և նույնիսկ նորերը կառուցել։ Մեկ տասնյակ ռուս-թուրքական պատերազմների զոհերն այս իրողությունն իմանալու դեպքում հաստատ գերեզմաններում շուռ կգային։
Միաժամանակ, փաստ է, որ Անկարան կարծես բոլորովին էլ մտադիր չէ դադարեցնել իր մասնակցությունը բոլոր այն նախագծերին, որոնք վերաբերում են Հարավային Կովկասում Ռուսաստանի նավթագազային գործունեության սահմանափակմանը։ Թուրքիան բացեիբաց հայտարարում է, թե բոլոր դեպքերում մտադիր է ազատվել Ռուսաստանից ունեցած գազային կախվածությունից։ Հարկ է նկատել, որ այսօր ոչ միայն Թուրքիայի տարածքով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, այլև Թուրքիայով է նախատեսվում անցկացնել «Նաբուկո» գազամուղը, որը պետք է զգալիորեն նվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազամատակարարումներից։ Չնայած Ռուսաստանի հետ սկսած վերջին ամիսների «ջերմ բարեկամությանը», Անկարան ակնհայտորեն մտադիր չէ հրաժարվել այդ ծրագրերին մասնակցելուց։ Եվ եթե Մոսկվայում հուսով են, թե Սև ծովի հատակով դեպի Թուրքիա կկառուցեն «Երկնագույն հոսք» գազամուղի երկրորդ խողովակաշարը, ու դրանով «Նաբուկոն» կտապալվի, ապա ապագայում կարող է պարզվել, որ չարաչար սխալվել են։ Դեպի Մոսկվա ուղղված Թուրքիայի ժեստերը գուցե առաջին հայացքից տպավորություն են թողնում, թե թուրքական քաղաքականությունը սկսել է փոխվել 180 աստիճանով։ Բայց միաժամանակ չի բացառվում, որ թուրքական խորամանկ դիվանագիտությունն իր առջև հերթական անգամ նպատակ է դրել «գնել Կրեմլին»` խաղալով Մոսկվայի գլոբալ էներգետիկ բիզնես-նախագծերի վրա։ Բնութագրական է, որ մոսկովյան հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը չի խուսափել Կրեմլի առջև քրդական հարցը և հատկապես ՔԲԿ-ի զինյալների դեմ պայքարի խնդիրը բարձրացնելուց։ Իսկ Մոսկվայում, բանից պարզվում է, սկսել են «կիսել այդ մտահոգությունները»։ Սա այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը, իսկ հետո նաև Ռուսաստանն ակտիվ հարաբերություններ են ունեցել քրդերի հետ և բազմակողմանիորեն «աջակցել նրանց ազատագրական պայքարում»։
Պակաս կարևոր չէ մի հանգամանք ևս. Մոսկվայի հետ «իրավահավասար, բարեկամական և հեռանկարային» հարաբերություններ հաստատելուն զուգահեռ, Անկարան հետևողականորեն շարունակում է աշխատանքը թուրքալեզու ժողովուրդներին իր ազդեցության ուղեծրում համախմբելու և համաթուրքական աշխարհաքաղաքական դաշտ ստեղծելու նպատակով։ Անցյալ տարի Ստամբուլում հիմնադրվել է թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը, որի հիմնական կազմակերպչական ուղղությունների մանրամասն քննարկումը տեղի կունենա այս տարի Բաքվում կայանալիք նոր համաժողովում։ Թե այդ իմաստով ինչ կողմնորոշում ունեն Ռուսաստանի կազմում գտնվող մի շարք ինքնավար ազգային հանրապետությունները, գաղտնիք չէ։ ՈՒ որքան էլ Անկարան այսօր հայտարարում է, թե նախկին ԽՍՀՄ պետություններին անհնար է պարտադրել Ռուսաստանից արագ վերակողմնորոշվելու քաղաքականություն, խոսքի և գործի միջև ահռելի տարբերություն կա։ Ավելին, բոլորովին վերջերս Ադրբեջան ժամանեց Թուրքիայի պաշտպանության նախարարության հերթական ներկայացուցչական պատվիրակությունը` նոր ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրելու առաջարկով։ Բանակցությունները վերջնական ավարտին չեն հասել, սակայն, ինչպես պնդում է թուրք քաղաքագետ և վերլուծաբան Արիֆ Քեսկինը. «Անկարան այսպիսի ռազմական համաձայնագիր ստորագրելով ոչ երկիմաստ ազդանշան կտա Ռուսաստանին և Իրանին, որ Ադրբեջանի հետ կատակել պետք չէ։ Հակառակ դեպքում դուք ձեր առջև կունենաք Թուրքիային։ Դա զգուշացում կլինի նաև Հայաստանին, որ նրանք էլ անմտություն չդրսևորեն Ղարաբաղի հարցում։ Անկարան և Բաքուն կարող են առանց զգուշանալու ինքնուրույն կառուցել իրենց քաղաքականությունը Կովկասում»։
Այսպիսով, ռուսների էներգետիկ հավակնությունների առջև կանաչ լույս վառելու Անկարայի ներկայիս խոստումներն ընդամենը տակտիկական քայլեր են` իրենց հետագա ռազմավարության իրականացման մեջ Ռուսաստանի դիմադրությանը չհանդիպելու համար։ Հայաստանի համար էլ հասունանում է պահը, և պետք է ազատվել արդեն հարյուրամյակներ գոյություն ունեցող կարծրատիպերից ու սովորել կառուցել բացառապես սեփական շահերից բխող սթափ արտաքին քաղաքականություն։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3089

Մեկնաբանություններ